Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Պատմությունը տհաճորեն կրկնվում է

Պատմությունը  տհաճորեն կրկնվում է
20.06.2014 | 11:59

Ինչ նմանություններ կան 2006 և 2010 թվականների աշխարհի չեմպիոններ Իտալիայի ու Իսպանիայի ընտրանիների միջև՞: Առաջին միտքը, որ գալիս է մարդուս գլուխ, այն է, որ երկուսն էլ «հաջողացրին» հաջորդ հերթականում «թռնել» հանդիպումների խմբային փուլից: Ինչպես 2010-ին Իտալիայի, այնպես էլ 2014-ին Իսպանիայի ընտրանիների արածն աշխարհի առաջնությունների գլխավոր սենսացիան էր՝ գլխավոր, որովհետև ուրիշ ի՞նչ այլ իրադարձություն կարող է լինել ավելի գլխավոր, երբ գործող չեմպիոնն այսքան վաղ փուլում մասնակցից դառնում է դիտորդ:

ԱՐՔԱՆ ԳԱՀԸՆԿԵՑ ԱՐՎԵՑ
Ընթերցողն առանձնապես չի նեղանա, եթե ներկայացվելիք խաղերի ժամանակագրությունը խախտենք ու սկսենք B խմբի հանդիպումներից, որտեղ Հոլանդիա-Ավստրալիա, ապա և Իսպանիա-Չիլի խաղերից հետո հայտնի դարձան play-off դուրս եկած առաջին ընտրանիները: Սակայն եկեք արժանին մատուցենք այդ երկու երջանիկներին ու նրանց խաղերն առանձին-առանձին ներկայացնենք:
Իհարկե, առաջին խաղում իսպանացիների նկատմամբ ջախջախիչ՝ 5:1 հաշվով հաղթանակից հետո դժվար էր հավատալ, որ հոլանդացիներն ավստրալական արգելքը հաղթահարելու գործում առանձնակի լուրջ դժվարություններ կունենան, բայց մյուս կողմից էլ այնպես չէր, թե մրցակիցն առանց պայքարի կհանձնվի, քանի որ հնարավոր երկրորդ պարտությունից հետո ավստրալացիներին ոչինչ չէր մնում, բացի տունդարձի տոմսեր պատվիրելուց: Չէինք ուզենա, որ վիրավորական հնչեր, բայց ակնհայտ էր, որ վերջինիս համար խնդիրն ավելի շատ դուռը հետևից արժանապատվորեն փակելու մեջ էր: ՈՒ պատկերացրեք, որ ավստրալացիներն այդպես էլ արեցին: Համենայն դեպս հոլանդացիներին հաղթանակն (3:2) առանց քրտնելու չտրվեց, մանավանդ որ հանդիպման որոշակի ժամանակահատված պարտվողի դերում էին:
Նույն խմբում շատ ավելի մեծ լարվածությամբ էր սպասվում Իսպանիա-Չիլի առճակատումը և դարձյալ նույն տրամաբանությամբ, քանի որ պարտության դեպքում իսպանացիներին նույնպես ոչինչ չէր մնում անելու` տունդարձի ճամփան բռնելուց զատ: Ասել թե աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները չպայքարեցին, արդարության դեմ մեղանչած կլինենք, սակայն նույն այդ արդարությունը պահանջում է նաև ասել, որ չիլիացիները մրցակցին գերազանցեցին ամեն ինչով, և 2:0-ն այդ ամենի համոզիչ արտահայտությունը եղավ: Ակնհայտ է, որ իսպանական ֆուտբոլի սիրահարներիս համար եկել է ժամանակաշրջան, երբ պիտի նորից նոր սպասենք ֆուտբոլային նոր գերաստղերի ի հայտ գալուն:

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԵԹ-ՏՐԻԿԸ
Մեկնարկային առաջին խաղը փայլուն անցկացրեց Գերմանիայի ընտրանին (G խումբ)՝ պարզապես փոշիացնելով պորտուգալացիներին (4:0): Վերջիններիս անգամ չփրկեց հարյուր տոկոս պատրաստվածություն ունեցող Քրիշտիանու Ռոնալդուի մասնակցությո՞ւնն ասենք, թե՞ ներկայությունը խաղադաշտում, իսկ, այ, Թոմաս Մյուլլերը դարձավ առաջնության առաջին հեթ- տրիկի հեղինակ:
Եթե չլիներ Իսպանիայի խայտառակ հաշվով կրած պարտությունը, երևի թե միանգամայն օրինականորեն իրավունք կունենայինք այդպիսին որակելու Գերմանիա-Պորտուգալիա հանդիպման արդյունքը, բայց երբ եվրոպական առաջատար հավաքականների հանդիպումներում կրկնվում է մոտավորապես նույնը, ակամայից սկսում ես մտածել՝ իսկ գուցե լավ էլ նորմալ հաշիվ է ֆիքսվածն ու այնքան էլ տխուր նոտաներով չես դատում քո երկրի ընտրանու մասին, մանավանդ եթե գրանդները պարտվել են պաշտոնականներում, մերոնք զիջել են ընդամենն ընկերականում, իսկ սրանք, ինչպես գլխի եք ընկնում, երկու մեծ տարբերություններ են: Իհարկե նման դեպքերի համար ժողովուրդը լավ բանաձևում ունի էն անտեր սրտի անտեր մխիթարանքի մասին (բոլոր դեպքերում ցենզուրան պահպանենք), բայց դե:
G խմբում կամային բարձր որակներ ու սրա կողքին ասենք նաև տեխնիկապես ու տակտիկապես գրագետ ֆուտբոլ ցույց տվեց «գերմանական ձեռագիր» ունեցող ԱՄՆ-ի ընտրանին (մարզիչը հանրահայտ Յուրգեն Կլինսմանն է), որը խաղի սկզբից ևեթ շշմեցրեց Գանայի հավաքականին ու այդ ոգով շարունակեց մինչև ութսունական րոպեները: Իսկ երբ աֆրիկացիները հիշեցին, որ հաշիվը հավասարեցնելու համար պիտի մրցակցի դարպասը գրավել ու գրավեցին, արդեն ուշ էր: Ոգևորության ալիքի վրա Կլինսմանի սաները մի անգամ էլ սառը ցնցուղ սարքեցին նրանց գլխին՝ խաղը շահելով 2:1 հաշվով:

ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԻ ՈՒ ԲԵԼԳԻԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԵՐԳԸ
Որքան էլ ցանկալի երեք միավոր բերած, այդուհանդերձ դժգույն առաջին խաղից հետո պարզապես հիացրին մեքսիկացիները, ու դա` առաջնության թիվ մեկ ֆավորիտների հետ խաղում: Այնպես չէ, որ այդ խաղը ֆանտաստիկ անցկացրած մեքսիկացիների հրաշք դարպասապահի ակտիվում է միայն (ի դեպ, քսանութամյա Գիլերմո Օչոայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու «Արսենալը»): Բնավ: Նրանք հանդես եկան որպես ձույլ թիմ, իրենց ամրությամբ նույնքան պինդ, որքան ադամանդն է: Չէ, նրանք չհաղթեցին աշխարհի հնգակի չեմպիոններին, բայց և չպարտվեցին: Սա իսկապես այն դեպքն է, երբ 0:0-ն նույնքան խոսուն է, որքան գրանցված գոլերի մասին վկայող թվային այլ արտահայտությունները: Այդ խաղով սակայն A խմբում ոչինչ էլ չհստակեցվեց, քանզի Հորվաթիայի ընտրանին ձեռքից բաց չթողեց կամերունցիներից երեք միավոր վաստակելու հնարավորությունը և երեք միավորով նստեց բրազիլացիների ու մեքսիկացիների պոչին (հաղթել է չորս անպատասխան գնդակի առավելությամբ): Ինչ խոսք, որ այս խմբում շատ ավելի սկզբունքային կլինի Հորվաթիա-Մեքսիկա հանդիպումը, քանզի անհավանականության տեսությունից է, որ Կամերունի ընտրանու հետ խաղում բրազիլացիները պարտություն կկրեն, առավել ևս որ ոչ-ոքին էլ է նրանց հանում play-off:
Մեքսիկացիների օրինակով ֆուտբոլային կատարյալ ներկայացման հեղինակ դարձան և բելգիացիներն ալժիրցիների հետ խաղում (H խումբ), սակայն այնպես չէ, որ վերջիններս անպաշտպան հանձնվել էին մրցակցի տարերքին: Բնավ: Տևական ժամանակ նրանք վստահորեն մարում էին բելգիացիների գրոհները, մինչև որ եկավ բերքը քաղելու եվրոպացիների ժամանակը: 2:1 հաշիվը մեկնարկային հրաշալի հարթակ դարձավ նրանց համար: Ինչ վերաբերում է այս նույն խումբը կազմած ռուսներին ու հարավկորեացիներին, ապա նրանք խաղացին ոչ-ոքի՝ 1:1 ու, անկեղծ ասած, ոչ մեկի խաղն էլ տպավորություն չթողեց: Եթե խմբային առաջին հանդիպումների տպավորությանը մնա, այստեղից բելգիացիներին ընկերակցելու առավել արժանի հավաքականն Ալժիրն է, թեպետ պարզ չէ, թե play-off-ում ինչ է անելու: Ինչևէ: Զարգացումներից առաջ չընկնենք: Մանավանդ որ ասում են, թե պատից կախված հրացանն էլ է մեկ-մեկ կրակում: Ինչ վերաբերում է 0:0 ավարտված Իրան-Նիգերիա դիմակայությանը (F խումբ), եթե ձեզանից մեկն ու մեկը նրանց խաղում աշխարհի առաջնության այս փուլին վայել ֆուտբոլ է տեսել, խնդրում եմ զանգեք, տեղեկացրեք: Բոլոր դեպքերում հետաքրքիր կլինի ունկնդրելը:

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ
Չիլիի հավաքականից 0։2 հաշվով կրած ճակատագրական պարտությունից հետո Իսպանիայի ընտրանու պաշտպան Սերխիո Ռամոսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է աշխարհի առաջնությունում իրենց մրցելույթին. «Պիտի կարողանալ արժանապատվորեն պարտվել: Դժվար պահերին մենք պիտի լինենք միասնական, իսկ այսօր չպիտի անել հեռուն տանող եզրակացություններ. առջևում մեզ սպասում են հրաշալի հեռանկարներ: Մենք չենք ուզում արդարացումներ փնտրել, քանզի նման բանը բնորոշ է նրանց, ովքեր իրենց պարտված են համարում: Մենք պարզապես մեր երկրպագուներից ուզում ենք ներողություն խնդրել: Նման օրը վաղ թե շուտ լինելու էր: Ինչ վերաբերում է դել Բոսկեին, նա մեր հարգանքին արժանի է: Թիմը միշտ կլինի նրա կողքին՝ անկախ նրա ընդունելիք որոշումից»:
Ավելացնենք, որ չիլիացիներից կրած պարտությունն իսպանացիների համար երկրորդն էր առաջնությունում: Առաջնությունում նրանց մնացել է ընդամենը մեկ խաղ: Ասենք, որ ավստրալացիների հետ այդ հանդիպման արդյունքը սկզբունքային նշանակություն չունի:

ՊԵՊԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻ ՉԷ
Գերմանացիների հետ խաղում անզուսպ պահվածքով է աչքի ընկել Պորտուգալիայի ընտրանու պաշտպանական գծի խաղացող Պեպեն, ինչը նրա համար անսովոր վարքագիծ չէ: Արարքի համար ֆուտբոլիստը միանգամայն արդարացիորեն պատժվեց կարմիր քարտով ու հեռացվեց մարզադաշտից: Իհարկե, սույնը բացասաբար անդրադարձավ պորտուգալական ընտրանու մրցելույթի վրա, բայց այնպես էլ չէր, թե մինչև ֆուտբոլիստի հեռացվելը թիմը լրջորեն դիմադրում էր: Գերմանացիներն այդ խաղում առնվազն մեկ գլխով բարձր էին պորտուգալացիներից ու միանգամայն արժանիորեն հաղթեցին 4:0 հաշվով: Պեպեի արարքին արձագանքել է Ժոզե Մոուրինյոն. «Այն փաստը, որ ինքը պորտուգալացի չէ (արմատներով բրազիլացի է-Մ.Հ.), պիտի նպաստեր ավելի մեծ պատասխանատվությամբ հանդես գալուն ու այլ կերպ դրսևորվելուն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ